Քալիֆորնիական Գլենդել քաղաքում «Ալեքս» թատրոնում Սոսե Թոմասյանի եւ Ալեն Եքիքյանի հիշատակին նվիրված համերգ է կայացել, որը կազմակերպվել էր նրանց անունը կրող հիմնադրամի կողմից: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Համերգ ընթացքում հարգանքի տուրէ մատուցվել նորապսակներին, որոնք մեկ տարի առաջ զոհվել էին ավտոպատահարի հետեւանքով: Համերգից ստացված եկամուտը կծախսվի Հայաստանում գտնվող Պռոշյանի երիտասարդական կենտրոնի վերանորոգման համար, որտեղ իրականացվում է Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ծրագիրը: Զույգի մահվան տարելիցին՝ 2014թ.-ի մայիսի 10-ին, Հոլիվուդ-Հիլզի «Ֆորեսթ-Լաուն» զբոսայգում հոգեհանգստի արարողություն կանցկացվի:
«Սոսեն ու Ալենը շարունակում են մեզ համար երիտասարդ ամերիկահայերի օրինակ մնալ, որոնք ձգտում են իրենց ներդրումը կատարել մեր երկրում, կենդանի պահել մեր մշակույթն ու ինքնությունը: Հույս ունենք շարունակել նրանց աշխատանքը»,- ասել է Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամ Ալիկ Չերչյանը:
Հիշեցնենք, որ 2013թ.-ի մայիսի 10-ին Վրաստանում ավտովթարի հետեւանքով զոհվել էին «ՍիսվիլՆեթ» ընկերության աշխատակից Ալեն Եքիքյանն ու նրա կին Սոսե Թոմասյան-Եքիքյանը:
Նշենք նաեւ, որ Գլենդելում Սոսեի եւ Ալենի ժառանգության հիմնադրամն ու Ծառատունկի հայկական նախագիծը հայտարարել են Հայաստանում Սոսե Թոմասյանի եւ Ալեն Եքիքյանի հիշատակին նվիրված անտառի ստեղծման մասին:



























