Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության եւ վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից դրամական եւ պարենային աջակցություն է ցուցաբերվել Ա. Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ բացօթյա բնակություն հաստատած Գյումրի քաղաքի նախկին բնակիչ Աշոտ Մկրտչյանի անօթեւան ընտանիքին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա  Զաքարյանը ընտանիքի անդամների հետ զրույցի ընթացքում, ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, կրկին քննարկել է նրանց ժամանակավոր  կացարան տեղափոխելու հնարավորությունը, ինչը, սակայն,  ընտանիքը մերժել է։ Ընտանիքի հայրը՝ Աշոտ Մկրտչյանը, իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշտական ուշադրության, հոգածության եւ  ցուցաբերած աջակցության համար։

Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ ընտանիքի հետ աշխատանքը կլինի շարունակական, նրանց կընդգրկեն նաեւ սոցիալական հնարավոր ծրագրերում։