Հայ-թուրքական արձանագրությունները նախագահի իրավասության սահմաններում են, սակայն ապրիլի 24-ին նա արդեն հայտարարել է, որ հեռու չէ այն օրը, երբ ստորագրությունների գործողության ժամկետները սպառված կհամարվեն: Մայիսի 8-ին ուսանողների հետ կայացած հանդիպմանը, պատասխանելով հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունները հետ կանչելու անհրաժեշտության մասին հարցին, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, պաշտոնական Երեւանը բազմիցս նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բոլոր տեսակի նախապայմաններն անընդունելի են: «Ավելին, Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից որպես ուժեղ ու վստահելի գործընկեր է ելել. այդ գործընթացում մենք կարողացանք ավելի լավ ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների խնդիրները, ապացուցեցինք, որ Հայոց ցեղասպանությունը քննարկման առարկա չէ, պատմաբանների հանձնաժողով չի կարող գոյություն ունենալ, հայ-թուրքական հարաբերություններում չեն կարող նախապայմաններ լինել, եւ այն ոչ մի կերպ չի կարելի ԼՂ խնդրի հետ կապել,- նշել է Շարմազանովը` հավելելով, որ հիշյալ հարցում Հայաստանը ոչ միայն միջազգային հանրության աջակցությունն է ստացել, այլ նաեւ Թուրքիայի հասցեին դատապարտանքի խոսքեր են հնչել: