Վերջին զանգի համար Հայաստանի դպրոցականները սկսում են գումար հավաքել դեռ ուսումնական տարվա սկզբից։ Ավարտական դասարանների աշակերտների եւ ծնողների շրջանում NEWS.am-ի անցկացրած հարցումները ցույց տվեցին, որ այս տարի նվազագույնը յուրաքանչյուր աշակերտ մոտ 45,000 դրամ է վճարում։ Խոսքը, սակայն, այսպես կոչված էլիտար դպրոցների մասին չէ։ Այստեղ դրույքաչափերը մի քանի անգամ ավելանում են։
Գումարի մեջ մտնում է ծաղկեփունջը դասղեկի և տնօրենի համար, ուսուցիչների նվերները, համազգեստը, Վերջին զանգի արարողության եւ երեկույթի տեսանկարահանումը՝ 8,000-15000 դրամ, լուսանկարների ալբոմը (վինետկա` 6500-10000 դրամ) և մյուս ավելի փոքր ծախսերը։
«Ծնողներով որոշեցինք ամեն ամիս 8 հազար դրամ հավաքել, որ տարվա վերջում անհրաժեշտ գումարը կարողանանք տալ: Բոլորս էլ գիտենք, որ մեծ գումար ա, բայց հո երեխու սիրտը չե՞նք կոտրելու , չե՞նք թողելու, որ ամաչի, բացի այդ էլ Վերջին զանգը կյանքում մի անգամ է լինում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավարտական դասարանում երեխա ուեցող 47-ամյա Լուսինե Եսայանը։
Տնօրենի և դասղեկի նվերները, սակայն, այս գումարի մեջ չեն մտնում։ Երևանի դպրոցներում դասղեկներն ու տնօրենները «անպետք» նվերներին գերադասում են գումարը։ Գյուղերի դպրոցներում դեռևս պահպանվել է ոսկի նվիրելու ավանդույթը:
Վերջին զանգի ծախսերին գումարվում են նաև ավարտական երեկոյի ծախսերը: Ավարտական երեկույթին մասնակցելու համար յուրաքանչյուր աշակերտ վճարում է միջինը 9000-15000 դրամ, ավելի «հարուստ» դպրոցներում՝ 20000-30000 դրամ։
Որոշ դասարաններ իրենց ավարտական երեկոն ամռան վերջին են կազմակերպում, որպեսզի գներն ավելի մատչելի լինեն: «Մեր վիպուսկնոյը այս տարի ուզում ենք ավելի ուշ անենք, որովհետև էդ սեզոնին ռեստորաններում տեղ չկա, տերերն էլ թվեր են կրակում»,- NEWS.am-ին ասաց ավարտական դասարանի աշակերտ Գառնիկ Գրիգորյանը:
Ավարտական բյուջեում շոշափելի բաժին ունի ավարտական երեկույթի հագուստը։ Տղամարդու ամենամատչելի կոստյումը սկսվում է 35000 դրամից, աղջիկների երեկոյան զգեստները՝ 30,000-ից։ Աղջիկների գործը, սակայն, համար երեկոյան զգեստի գները սկսվում են 30000 դրամից, աղջիկների դեպքում սրան գումարվում են նաև վարսահարդարման (սանրվածքի գինը սկսվում է 3000 դրամից), դիմահարդարման (նվազագույնը՝ 5000 դրամ) ծախսերը։



























