ԱՄՆ-ի Վերմոնտ նահանգը առաջինն է ընդունել ԳՄՕ-մթերքների պարտադիր պիտակավորման օրենքը։
Օրենքն ուժի մեջ է մտնելու 2016 թ. հուլիսի 1-ից։ Սակայն այն, ինչպես սպասվում է, դատարանի միջոցով կփորձեն արգելել խոշոր ագրոարդյունաբերական ընկերությունները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

ԳՄՕ-մթերքների պարտադիր պիտակավորման օրենքի կողմնակիցները պնդում են, որ գիտական ապացույցներ չկան, թե դրանք անվնաս են։ Ըստ նրանց՝ սպառողն իրավունք ունի իմանալ՝ արդյոք մթերքում օգտագործվում է ԳՄՕ, որպեսզի ինքը որոշի՝ գնել այն, թե ոչ։

Պիտակավորմանը դեմ են առաջին հերթին ագրոարդյունաբերական եւ կենսատեխնոլոգիական ձեռնարկությունները։ Նրանք վստահեցնում են, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ԳՄՕ-մթերքները միանգամայն անվնաս են։ Բացի դրանից, ըստ նրանց վստահեցման, նման պիտակավորումը կդառնա սննդամթերքի զգալի թանկացման պատճառ։  ԱՄՆ-ն աշխարհում ԳՄՕ-մթերքների խոշորագույն արտադրողն է։

ԳՄՕ-մթերքների պարտադիր պիտակավորման օրենքն ընդունվել է աշխարհի 60 երկրներում։ Ռուսաստանում եւ Եվրոպայում արտադրողները պարտավոր են պիտակավորել սննդամթերքի փաթեթը, եթե այնտեղ պարունակվող  գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների պարունակությունը գերազանցում է 0,9%-ը։