Մահմեդական արմատական քարոզիչ Աբու Համզան, ելույթ ունենալով Նյու Յորքի դատարանում, խոստովանել է, որ երկու ձեռքն ու աչքը կորցրել է 1993թ.՝ Պակիստանում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով։ Նախկինում ենթադրվում էր, որ նա տուժել է Աֆղանստանում մոջահեդների շարքերում խորհրդային զորքերի դեմ կռվելիս, փոխանցում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Լոնդոնի նախկին իմամը դատարանին ասել է, որ խեղանդամ է դարձել, երբ ինժեներ էր աշխատում Պակիստանում։ Պակիստանի բանակի հետ պայթուցիկի հետ կապված նախագծի վրա աշխատելիս նա քիմիական նյութերով արկղ էր վերցրել, որը պայթել էր իր ձեռքերում, ինչի հետեւանքով կոմայի մեջ էր ընկել։
Իր վեցժամյա ճառի ընթացքում Համզան արտասվել է՝ հիշելով Սրեբրենիցայում կոտորածի հետեւանքները, երբ սպանվել էին հազարավոր մահմեդականներ։ Ըստ նրա՝ Սրեբրենիցա այցելելուց հետո որոշել էր, որ մահմեդական երիտասարդությանը պետք է սովորեցնել պաշտպանվել թշնամիներից։ ԱՄՆ-ն իմամին մեղադրում է Օրեգոնում ջիհադիստների ճամբար կազմակերպելու փորձի, «Ալ Քաիդային» եւ «Թալիբանին» օգնելու, 1998 թ. օտարերկրյա զբոսաշրջիկների խմբին առեւանգած Եմենի ապստամբներին աջակցելու մեջ։ Պաշտպանությունը պնդում է, որ Համզան երբեք հանցագործություն չի կատարել՝ չնայած իր ծայրահեղական արտահայտություններին։




























