Բոսթոնի ահաբեչությունների կազմակերպման համար մեղադրվող Ջոհար Ցարնաեւի փաստաբանները դատարան միջնորդություն են ներկայացրել՝ իրենց պաշտպանյալի հանդեպ մահապատիժ չկիրառելու խնդրանքով։

Ցարնաեւի պաշտպանության միջնորդությունում նշվում է ԱՄՆ-ում վերջին տարիներին անմեղ մարդկանց մահապատժի ենթարկելու դեպքերի աճող թիվը։

Բացի դրանից, փաստաբանները հիշեցրել են, թե ինչպիսի հասարակական եւ միջազգային արձագանք էր ստացել ապրիլի վերջին Օկլահոմայում դատապարտյալին մահապատժի ենթարկելու անհաջող փորձը։ Այն ժամանակ դատապարտյալին դեռ չփորձարկված դեղամիջոցը ներարկելու պատճառով հանցագործը վայրկենապես չէր մահացել, այլ կես ժամ հոգեվարքից հետո։ 

Ցարնաեւի փաստաբանները կարծում են, որ դեղամիջոցի հետագա օգտագործումը կդառնա «աշխարհի այլ ժողովրդավարական երկրների կողմից ԱՄՆ-ի արագ եւ ընդհանուր մեկուսացման պատճառ՝ որպես մահապատժի ենթարկող ազգ», փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով AFP-ն։

ԱՄՆ-ի օրենսդրության 30 հոդվածներով մեղադրվող Ջոհար Ցարնաեւի դատավճիռը կայացվելու է նոյեմբերին։