Այս պահին կառավարության ծրագրի կազմման հարցում կա համագործակցության փորձ քաղաքական ուժերի հետ, համենայնդեպս առաջարկություն մեր կողմից, բայց ոչ բոլորն են դրան արձագանքել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով. «Սպասում ենք որոշ քաղաքական ուժերի արձագանքին: Դեռեւս մեր առաջարկած ժամկետը չի լրացել, ուստի չեմ կարող ասել, որ ուժերը կարձագանքեն, որոնք՝ ոչ»:
Հարցին, թե ե՞րբ է կառավարությունը ներկայացնելու իր ծրագիրն ԱԺ-ում, նա պատասխանեց. «Կառավարության ծրագիրը ԱԺ-ում ներկայացնելու ժամկետը Սահմանադրությամբ մայիսի 23-ին է, սակայն մենք պատրաստվում ենք անել առավելագույնը, որպեսզի փորձենք ավելի վաղ ներկայացնել: Ենթադրաբար դա կլինի մայիսի 17-ին»:
Հարցին, թե ակնկալում եք, որ հե՞շտ կընդունվի կառավարության ծրագիրը, հաշվի առնելով, որ այլեւս չկա կոալիցիա եւ արդյոք ոչ իշխանական ուժերը կքվեարկե՞ն կառավարության ծրագրի օգտին, Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Ես կասկած չունեմ, որ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ բավարար քանակով ձայներ կստանա ծրագիրը: Թեեւ որպես կանոն ընդդիմադիր ուժերը դեմ են քվեարկում, դա քաղաքական տրամաբանության մեջ է մտնում»:




























