Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի` Վատիկան այցի ընթացքում, մայիսի 7-ին, ի պատիվ նրա, հյուրընկալությամբ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի տրվել է պաշտոնական ճաշկերույթ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ճաշկերույթին մասնակցել են Հայ Եկեղեցու պատվիրակության անդամները, Արեւելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Կաթոլիկ կրթության պապական խորհրդի նախագահ Կարդինալ Զենոն Գրոխոլեւսկին, Իրավական տեքստերի պապական խորհրդի նախագահ Կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմիերոն, ինչպես նաեւ Վատիկանում հավատարմագրված դեսպաններ:

Ճաշկերույթը սկսվել է Վեհափառ Հայրապետի աղոթքով, ապա ներկաներին ողջունել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը: Իր խոսքում տիար Միքայել Մինասյանը անդրադարձել է Գարեգին Բ-ի այցի կարեւորությանը։

«Քրիստոնյաների` մասնավորապես, Միջին Արեւելքում գտնվողների համար այս ծանր պահին, նման միջեկեղեցական բարեկամական դրսեւորումները կարեւոր ուղերձ են համայն աշխարհին: Հայ Եկեղեցին հայ համայնքի հետ մեկտեղ սփռված է ամբողջ աշխարհով, որի աշխարհագրությունն արտահայտված է այս երեկո ներկա դեսպանների միջոցով, որոնց եւ հայտնում եմ խորին հարգանքիս հավաստիքը»,– ասել է ՀՀ դեսպանը:

Ջերմ ընդունելության ավարտին հյուրերին իր օրհնությունն ու պատգամն է բերել Գարեգին Բ-ն: Ուրախություն արտահայտելով հանդիպման առիթով` Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին՝ միջոցառումը նախաձեռնելու, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետության եւ Վատիկանի, Հայ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ սերտ հարաբերությունների ու բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

Այնուհետեւ Գարեգին Բ-ն անդրադարձել է պատմական տարբեր հանգամանքների եւ հատկապես 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդի աշխարհասփյուռ դառնալու հանգամանքին` նշելով, որ աշխարհի տարբեր ծագերում գոյություն ունեցող հայ համայնքներն այսօր բարեկամության կամուրջ են երկրների ու ժողովուրդների միջեւ:

Այս կապակցությամբ նա անդրադարձ է կատարել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ասելով, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն կարեւոր է հայերիս արդար իրավունքների վերականգնման, այլեւ նախապայման է տարածաշրջանի մշտամնա խաղաղության եւ մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման համար:

«100-ամյա տարելիցը հրավեր է ազգերին եւ պետություններին` դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, ինչպես եւ` զորացնելու ընդհանուր ջանքերը` հանուն աշխարհում արդարության եւ խաղաղության հաստատման», - ընդգծել է Նորին Սրբությունը` ի դեմս ներկաների երախտագիտություն հայտնելով այն երկներին, միջազգային կառույցներին եւ քույր Եկեղեցիներին, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը:

Խոսելով մարդկության կյանքը հուզող տարբեր խնդիրների եւ մարտահրավերների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է դեսպաններին առավել զարգացնել եւ ամրապնդել միջպետական հարաբերությունները, ժողովուրդների միջեւ եղբայրական սերն ու գործակցությունը, ազգամիջյան համերաշխությունն ու բարի փոխհարաբերությունները:

Մայիսի 8-ին Գարեգին Բ-ն պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերել դեսպանատան պաշտոնեությանը: