ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության նպատակը ոչ թե ԱՄՆ-ի՝ ԼՂ հարցի շուրջ նոր քաղաքականության հրապարակումն էր, այլ խաղաղության հաստատման համատեքստում քննարկումների վերսկսումը, որպեսզի, երբ ժամանակը գա, հակամարտող կողմ հանդիսացող երկրների բնակիչները պատրաստ լինեն խաղաղության։  Մայիսի 9-ին Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցին հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։

Նրա խոսքով, դեսպան Ուորլիքի ելույթում կրկին անգամ հավաստվել են ԵԱՀԿ ՄԽ շրջանակում վերջին տարիներին քննարկման դրված գլխավոր սկզբունքներն ու տարրերը։ «Նա համարել է, որ օգտակար կլինի մեկ անգամ եւս հրապարակայնորեն կրկնել այն 6 սկզբունքները, որոնք հիշատակվում են Մինսկի Խմբի փաստաթղթերում, որպեսզի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդները քննարկումներ սկսեն խաղաղության համաձայնագրի շուրջ»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը։

Ինչպես ավելի վաղ է հաղորդվել, Քարնեգիի կենտրոնում ելույթի ժամանակ Ջեյմս Ուորլիքը ԼՂ խնդրի կարգավորման 6 հիմնական տարրերն է ներկայացրել: Այնուհետեւ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Ուորլիքի ելույթի մեկնաբանությամբ է հանդես եկել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Նրա ընգծմամբ, միջնորդը փորձել է ԼՂ կարգավիճակը շրջապատող տարածքների կարգավիճակից տարանջատման ԱՄՆ քաղաքականությունը ներկայացնել: