Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրը ամենապայծառ եւ կարեւոր օրերից մեկն է ոչ միայն հայ ժողովրդի, Խորհրդային Միության, այլ նաեւ Եվրոպայի ու աշխարհի այն երկրների համար, որոնք իրենց ներդրումն են ունեցել այդ հաղթանակի ձեռքբերման գործում։ Մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցին հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Փառք ու պատիվ Մեծ Հայրենականի բոլոր մասնակիցներին», - ընդգծել է ռազմական գերատեսչության ղեկավարն ու հավելել. «Շնորհիվ նրանց ջանքերի աշխարհում երկարաժամկետ խաղաղություն է հաստատվել։ Մենք նրանց օրինակով, նրանց սխրագործությունն աչքի առաջ ունենալով ենք դաստիարակվել։ Հենց դա էլ արցախյան պատերազմում մեր հաղթանակի երաշխիքը դարձավ՝ մայիսի 9-ը եռակի տոն դարձնելով»։

Նախարարը հիշեցրել է, որ մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակաների ամիս է։ «Նախ Հաղթանակի օրը։ Նորագույն պատմության մեջ հին հայկական ամրոցը՝ Շուշին ազատագրեցինք։ Եվ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ձեւավորվեց»,- ասել է Սեյրան Օհանյանը։