ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից բարձրաձայնված ԼՂ խնդրի կարգավորման 6 կետերը նոր չեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով. «Այդ կետերը, ինչպես հրապարակված է, կարող եք ծանոթանալ համանախագահների հայտարարությունից»:

Նրա խոսքով՝ Ջեյմս Ուորլիքի հայտարարության իմաստն ու ցանկությունն այն է, որ խնդրի կարգավորումն առաջընթաց արձանագրի: «Բոլորի համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է երկու պայման: Պայման, որը ոչ թե որ դնում է կողմերից մեկը, այլ շատ բնական, տրամաբանական պայմաններ, որ առաջընթաց լինի: Առաջին. Կողմերի միջեւ պետք է լինի վստահության մթնոլորտ, առանց դրա նմանատիպ բարդ հարցերում առաջընթաց չի կարող լինել: Երկրորդ՝ բանակցային գործընթացում լիարժեք ներգրավված լինի հակամարտության հիմնական կողմը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Քանի դեռ Բաքուն խոչընդոտում է թե վստահության մթնոլորտի ձեւավորմանը, թե ԼՂՀ լիարժեք ներգրավմանը, հասկանալի է, որ առաջընթացի հասնելու այդ բարի ցանկությունները քիչ հավանական է, որ իրականանա»,-ասել է Քոչարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է հենց հիմա կրկին բարձրաձայնվում այդ կետերի մասին, ԱԳ փոխնախարարն արձագանքեց. «Հիմա չի, դա միշտ օրակարգում կա, հիմա միայն հիշեցում էր: Ոչ թե հիմա է առաջ քաշվում, այլ Մադրիդյան սկզբունքները վաղուց կան, վաղուց են հայտարարվել միջազգային իրավունքի երեք հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա խնդիրը պետք է կարգավորվի: Առաջինը՝ ուժից կամ ուժի սպառնալիքից հրաժարում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշում: Այդ երեք սկզբունքից Բաքուն մերժում է երկուսը՝ ուժի սպառնաիքից չի հրաժարվում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ըստ էության, մերժում է, եւ միայն շեշտադրում է մեկ սկզբունքի վրա՝ տարածքային ամբողջականությանը, այն էլ աղավաղված, ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող տեսքով: Այսքանը բավական է հասկանալու համար, թե ով է խոչըդոտը այս բանակցային գործընթացի առաջընթացի համար»:

Հարցին, թե նորմա՞լ եք համարում, որ հմանախագահները առաջարկում են վերադարձնել ազատագրված տարածքները, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Նորմալ-աննորմալը քաղաքական կատեգորիա չէ»: