ԱՄՆ-ում տարածում է գտնում հղիության դրական թեստերի վաճառքը: Առքուվաճառքն օգտագործվում է կասկածելի նպատակներով:

«CBS» հեռուստաալիքը կապ է հաստատել Դալասից մի կնոջ հետ, որը թեստը վաճառել է մեկ այլ աղջկա: Նրա խոսքով՝ գնորդն այդ կերպ ցանկանում էր «ամրապնդել հարաբերությունները» սիրեցյալի հետ:

Կասկածելի ապրանքի վաճառողը նաեւ պատմել է, որ հաճախորդների 95 տոկոսը ստում են հանուն տղամարդկանց: Երեւում է վաճառողները տեղյակ են վիճակագրությունից, հաղորդում է «RussiaToday»-ը:

«Craigslist» հարթակում մի աղջիկ գրել է. «Հղի եմ եւ պատրաստ եմ վաճառել դրական թեստը: Թեստը պատրաստ կլինի այն վերցնելուց անմիջապես առաջ: Ցանկանո՞ւմ եք, որպեսզի ձեր ընտրյալն ամուսնության առաջարկություն անի: Խաբե՞լ ծնողներին, հորը կամ ընկերներին: Իրականում ինձ համար միեւնույնն է, թե ինչպես եք այն օգտագործելու»:

Հեռուստաալիքի  կողմից հարցման ենթարկվածները եւ շարքային հեռուստադիտողները մտահոգություն են հայտնել, որ սա կարող է շանտաժի միջոց ծառայել, իսկ մոտ ժամանակներում ապագա մայրերը կարող են վաճառել նաեւ այլ անալիզներ: Նշենք, որ այս պահին թեստի արժեքը կազմում է 30 դոլար: