Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար) ողջունում է Քալիֆորնիայի խորհրդարանի որոշիչ քվեարկությունը, որը հաստատում է Արցախի՝ որպես ազատ եւ անկախ պետության զարգանալու իրավունքը: Այս մասին հայտարարել է Համագումարի Արեւմտյան տարածաշրջանի ղեկավար Ալին Մաքսուդյանը, ով ներկա էր գտնվել այս պատմական քվեարկությանը, որով Քալիֆորիժնիայի խորհրդարանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը:

«Այսօրվա  քայլը մասնավորապես կարեւոր է ամերիկահայերի համար, ովքեր ողջունում են ամերիկյան արժեքների այս վառ արտահայտությունը»,- նշել է Մաքսուդյանը՝ հավելելով. «Մենք ցանկանում ենք հայտնել մեր երախտագիտությունը խորհրդարանի նախագահ Ջոն Փերեզին՝ իր աջակցության համար եւ գնահատել խորհրդարանի անդամներ Մայք Գաթոյի, Սքոթ Ուիլքի, Ադրին Նազարյանի եւ Քաջո Աչաջյանի նվիրյալ ջանքերը»։

Ավելիր վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի պետական ժողովը (խորհրդարանը) մայիսի 8-ին բանաձեւ է ընդունել ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ:

32-րդ համարի բանաձեւը ոչ միայն ճանաչում է ԼՂՀ անկախությունը, այլեւ կոչ է անում ԱՄՆ դաշնային կառավարությանը ճանաչել ԼՂՀ-ն որպես ինքնիշխան պետություն: Բանաձեւն ընդունվել է Քալիֆորնիայի օրենսդիրներին բացարձակ մեծամասնությամբ՝ 70 կողմ եւ մեկ ձեռնպահ ձայներով:

Խորհրդարանի անդամ Մայք Գաթոն ներկայացրել է այս բանաձեւը հունվար ամսին մի շարք համահեղինակների հետ՝ Համագումարի անդամներ ՔաջոԱչաջյանի, Չերիլ Բրաունի, Իան Քալդերոնի, Մեթ Դաբաբնեհի, Բրայան Նեսթանդեի, Քրիսթին Օլսենի եւ Ջիմ Փեթերսոնի: