Ստամբուլում ճարտարապետ Էմրե Արոլաթը ընդունված սկզբունքներին հակասող շենք է նախագծել: Մզկիթը, որը գտնվում է Բյուքչեքմեջե արվարձանում, հեշտ չէ նկատել.  տեսանելի է միայն դրա մինարեթը, որը մոխրագույն քարից կառուցված քառակուսի աշտարակ է հիշեցնում:  Կառույցը նման է  արդյունաբերական օբյեկտի, եւ միայն մոտ տարածությունից է երեւում  Allahu akbar փորագրությունը, գրում է գերմանական Süddeutsche Zeitung թերթը:

Մինարեթը բլրի գագաթին է, որտեղից աստիճաններով ներքեւ են իջնում:  Մզկիթի ներսը ապշեցնում է էլեգանտությամբ եւ պարզությամբ: Այնտեղ չկան խճանկարներ կամ նախշազարդ սալիկներ, նախշազարդ գորգեր, դեկորի վառ տարրեր, փոխանցում է  MIGnews.ru-ն:

Միակ զարդարանքը   կողային պատերի լուսարձակող գնդերն են:

Կենտրոնական մասում անցք կա, որի միջով ցերեկային լույսն  է  ներթափանցում: Դա միհրաբն է՝ աղոթարանը, որը ցույց է տալիս Մեքքայի ուղղությունը:

Կանանց համար, որոնք առանձին են աղոթում, ճարտարապետը օտար աչքից հեռու պատկերասրահ է ստեղծել: Ըստ ճարտարապետի՝ մզկիթը կառուցելիս իրեն ոգեշնչել է քարանձավը, որտեղ Մուհամեդ մարգարեն առաջին անգամ աստվածային հայտնություն է ունեցել: