Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչպես է վերաբերում իր ծննդյան հրապարակային շնորհավորանքի առաջացրած բացասական արձագանքին:

«Շատ սխալ ես, դա սարքված գործ էր, իսկ ես տեսնելուց հետո իմ աշխատողներին հանձնարարել էի անմիջապես հանել»,-ասել է Հրանուշ Հակոբյանն ու հավելել. «Նրանք հանել էին, մնացել էր խորքերում, 7 օր հետո ով գտավ եւ ով բարձրացրեց, սարքած բան էր:

Ընդհանարպես ինչու եք մտածում, որ պետք է ղեկավարի մասին միայն վատ բաներ խոսեն: Եթե այնտեղ ասում են ղեկավարը ուսուցիչ է, ղեկավարը առաջնորդն է, կարծում եմ, դրանում վատ բան չկա: Բայց ես անձամբ արգելել եմ : Իսկ դուք ինչու եք սովոր միայն վատ բան լսելու, սովորեք նաեւ լավ բան լսելու»:

Հիշեցնենք, որ Հրանուշ Հակոբյանին ուղղված շնորհավորական նամակում մասնավորապես ասվում էր.

«Սիրելի´ տիկին Հրանուշ Հակոբյան, Ձեր անուն-ազգանունն արդեն Խոսք է, իսկ էությունը` Զգացմունք: Երանի նրանց, ովքեր իսկապես ճանաչել են Ձեզ և Ձեր խիստ, լուրջ ու պահանջկոտ կերպարի մեջ գտել են ոչ միայն օրինակելի ղեկավարի, պետական գործչի, իր Հայրենիքին անմնացորդ նվիրված քաղաքացու, այլև կարողացել են տեսնել քնքուշ, մեղմ, հոգատար, հուզականությամբ օժտված անզուգական մարդուն. ուրեմն` երանի մեզ. մենք տեսել ենք այդ ամենը:

Հպարտ ենք Ձեզանով. Ձեր շնորհիվ ՀՀ սփյուռքի նախարարությունն այսօր կայացած պետական կառույց է: Դուք նպաստում եք մեզանից յուրաքանչյուրի կայացմանը` անկախ տարիքից: Հայտնի է, որ փորձառությունը տարիների ընթացքում է ձեռք բերվում, բայց այս պահին ուզում ենք հատկապես ընդգծել, որ Ձեզ հետ աշխատելով` համոզվել ենք, որ ով հակոբյանական դպրոցը չի անցել, նա լիարժեք փորձառություն չունի, իսկ ով անցել է, շահել է` թե´ որպես մարդ, թե´ որպես պետական ծառայող: Ձեզանից սովորել ենք լինել ազնիվ, ներել ու դրսևորելու հնարավորություն տալ ձգտում ունեցողին, բարձրացնել ու բարձրանալ, պաշտպանել թույլին, կողմնորոշվել, զգոն ու պատասխանատու լինել, գործը սկսել ու ավարտին հասցնել` կանգ չառնելով որևէ խոչընդոտի առջև… Ձեր պատգամներն ու հորդորներն անսպառ են և, հավատացե´ք, ջանում ենք դրանց հավատարիմ մնալ …»:

Տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ: