Մեծ Բրիտանիայի զինված ուժերում ծառայության մեջ գտնվող կանայք թշնամու հետ անմիջականորեն մարտի բռնվելու իրավունք չունեն: Սակայն, թագավորության պաշտպանության նախարար Ֆիլիպ Համմոնդի վերջին հայտարարություններն ակնարկ են պարունակում առ այն, որ հիշյալ կանոնը առաջիկայում կարող է չեղյալ հայտարարվել, հաղորդում է The Guardian-ը:

Առկա նորմերը վերանայելու հրահանգով հանդես եկած նախարարը, իր իսկ խոսքով, փորձում է արտասահմանյան փորձի վրա հիմնվել: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի եւ Իսրայելի զինված ուժերում կանայք մարտական ստորաբաժանումների մաս են կազմում: Ակնկալվող փոփոխությունը, ենթադրաբար, 2018թ.-ից հետո կլինի: Մարտական ստորաբաժանումներում կանանց բացակայությունը կարող է ոչ ճիշտ ազդակ հանդիսանալ զինված ուժերում սեռական խտրականության կիրառման մասին, RussiaToda-ի վկայակոչմամբ, նշել է Համմոնդը: 

Ռազմական գերատեսչության ղեկավարը առանձնակի ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ գործող բանակային ստորաբաժանումների համար զինակոչիկների ընտրությունը պետք է ոչ թե սեռական, այլ` ֆիզիկական պատրաստվածության սկզբունքով իրականացվի: Հարկ է նշել, որ բազմաթիվ բարձրաստիճան բրիտանացի սպաներ կանանց` մարտական գործողություններին մասնակցությունը թույլատրելու գաղափարին կասկածամտորեն են վերաբերվում այն պատճառով, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները չեն կարող ֆիզիկական ծանրաբեռնվածությանը դիմանալ:

Ներկայումս Մեծ Բրիտանիայի զինված ուժերում շուրջ 16 հազար կին է ծառայում: Դա ընդհանուր բանակային անձնակազմի մոտ 10 տոկոսն է կազմում: