Քալիֆորնիական Գլենդել քաղաքի քաղաքապետարանում վերջին տասը տարվա ընթացքում կտրուկ նվազել է տեղացի սպիտակամորթ աշխատակիցների թիվը, որոնք անցյալ տարի կազմում էին 39 տոկոս՝ 2004թ.-ի 49 տոկոսի փոխարեն: Այդ մասին գրում է «Glendale News-Press» թերթը՝ վկայակոչելով քաղաքի՝ վերջերս հրապարակված հաշվետվությունը:

Միեւնույն ժամանակ նկատելիորեն աճում է հայ աշխատակիցների թիվը: Հայերը 2013թ.-ին քաղաքային վարչակազմում կազմում էին աշխատուժի 17 տոկոսը՝ 2004թ.-ի 11 տոկոսի դիմաց: 2013թ.-ին հայ աշխատակիցների թիվը 343 էր, իսկ 2004թ.-ին՝ 251: 2013թ.-ին գործադիր եւ կառավարող կադրերի 56 տոկոսը տեղացի սպիտակամորթներ էին, 13 տոկոսը՝ հայ՞ 2004թ.-ին բարձրաստիճան 256 պաշտոնյաների 69 տոկոսը սպիտակամորթ էր եւ մոտ 5 տոկոսը հայ:

Թեեւ հայերն իրենց դասում են սպիտակամորթ ռասայի շարքը, քաղաքն էթնիկ այս խմբին առանձին խմբի է դասում: Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներն արդեն վաղուց կոչ են անում քաղաքային իշխանություններին ավելի շատ մարդկանց աշխատանքի ընդունել, որպեսզի ցույց տան քաղաքի ընդհանուր ժողովրդագրությունը: Գլենդելի բնակչության մոտ մեկ երրորդ մասը կազմում են հայերը:

Անձնակազմում ավելացել է նաեւ այլ փոքրամասնությունների խմբերի թիվը: Ծագումով ասիական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ներկայացնող բնակիչները թիվը 2013թ.-ին կազմել է 9.5 տոկոս, իսկ 2008թ.-ին 8 տոկոս էր: Սեւամորթների թիվը նույնն է մնացել՝ անցյալ տարվա ընդհանուր աշխատուժի 3.6 տոկոս: Լատինաամերիկացիները թիվը 2004թ.-ի 27 տոկոսի փոխարեն 2013թ.-ին կազմել է մոտ 30 տոկոս: