Ծնողները, ՀԿ-ների ներկայացուցիչները եւ Ֆրանսիայի Պուատիե քաղաքի Տրուա Սիտե թաղամասի բնակիչները հավաքվել են՝ զորակցելու հայ մայրիկին, որը արտաքսման վտանգի տակ է, գրում է «Centre Presse» թերթը:
60 ծնողներ եւ տեղի բնակիչներ պաստառով հավաքվել են տեղի դպրոցի մոտ ՝ արտահայտելով իրենց համերաշխությունը Մարինա անունով հայուհուն եւ նրա երեխաներին: Ցուցարարները հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում կքնեն փողոցում՝ ի նշան բողոքի կնոջ նկատմամբ տեղի քաղաքապետարանի վերաբերմունքի: Մարինան այրի է 9 եւ 11 տարեկան երկու երեխաներով, որը պարտավոր է անհապաղ լքել Ֆրանսիայի տարածքը: Այդ մասին փաստաթուղթը նրան հանձնվել էր մի քանի օր առաջ, եւ նա անհաջող բողոքարկել էր այն վարչական դատարանում:
Ըստ աշակերտների ծնողների՝ այդ թաղամասում երեք տարի ապրող Մարինան եւ նրա երեխաները «հիանալի ինտեգրվել են»: Երեխաները շախմատի ակումբ են հաճախում, օգտվում նաեւ դպրոցական օգնության ծրագրից՝ տեղի սոցիալ-մշակութային կենտրոնում: «Մեր հավաքը քաղաքական չէ: Մենք շատ ընտանիքներ գիտենք, որոնք հարկադրված լքել են Ֆրանսիայի տարածքը, մենք բախվում ենք նրանց ամեն օր»,– ասել է կենտրոնի տնօրենը:



























