Այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշի, Մարդինից ընտրված պատգամավոր Էմինե Այնայի եւ փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին ղեկավար Ահմեդ Թուրքի մասնակցությամբ Վաշինգտոնի Holiday Inn հյուրանոցում տեղի է ունեցել քրդական կուսակցության Վաշինգտոնյան ներկայացուցչության պաշտոնական բացումը:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Կանադայի եւ ԱՄՆ-ի քրդական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ բացման արարողությանը ելույթով հանդես է եկել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը` նշելով, որ իրենք աշխարհի իրադարձություններին կհետեւեն այդպիսի ներկայացուցչությունների միջոցով: «Թուրքիայի ամենամեծ խնդիրը` քրդական խնդիրն է: Մենք մեծ ջանքեր ենք գործադրում այդ խնդրի կարգավորման ուղղությամբ: Քրդական հարցը Միջին Արեւելքի մի ժողովրդի հարց լինելով մեկտեղ, այժմ դարձել է միջազգային հարց: Այսպիսի ներկայացուցչություններ բացելով, մենք ցանկանում ենք այդ խնդիրը Թուրքիայում ժողովրդավարական միջոցներով կարգավորելու ջանքերին մեր ներդրումն ունենալ»,-նշել է Դեմիրթաշը: