ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության մեջ որեւէ նորություն չկա, առավել եւս առանձնահատուկ մոտեցում չկա: Այս մասին այսօր` մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Որեւէ նորություն չկա Ուորլիքի հայտարարությունների մեջ, ըստ էության ԵԱՀԿ դեսպանների համատեղ շրջանակը ցույց է տալիս, որ առանձնահատուկ մոտեցում չի եղել: Պատահական չի, որ «Ժառանգությունն» ունի իր հստակ մոտեցումները: Մադրիդյան սկզբունքները անընդունելի են, Ուորլիքի ներկայացրած վեց կետերը հենց այդ սկզբունքներից են»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով` Լեռնային Ղարաբաղի անկախությունը քննարկման ենթակա չէ, նույնը վերաբերվում է նաեւ ազատագրված տարածքների հարցին:
«Ազատագրված տարածքները եղել են ղարաբաղապատկան, ուղղակի ստալինյան ժամանակաշրջանում տրվեցին Ադրբեջանին, ազատագրված տարածքները պատկանում են միայն Ղարաբաղին: Ազատագրված տարածքների հարցը անքննելի է: Պարզ է, որ այսօր աշխարհում միակ երաշխիքը սեփական երաշխիքն է: Ուկրաինայում կատարվող դեպքերը հենց դրա ապացույցն են: Ամեն դեպքում դինամիկ փոփոխվող աշխարհում ենք ապրում: Տեսնենք` ինչ կզրուցեն մեր իշխանություններն իրենց գործընկերների հետ: Հարկ է նշել, որ որքան մենք կարողանանք օգտվել այս իրավիճակից, այնքան մեզ համար լավ կլինի, քանի որ Ֆրանսիան նույնպես դեր ունի Ղարաբաղյան հարցում»,- ավելացրեց նա:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթի ժամանակ ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման «հաստատված» փոխզիջման հիմնական 6 տարրերը, որոնցից ամենաուշագրավը երրորդ կետն է. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել եւ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























