Երեւանի Մուշավան թաղամասի բնակիչ, էպիլեպսիայով հիվանդ Զորիկ Սարգսյանի եղբորն օրինական կարգով են զորակոչել բանակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մաշտոցի զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ Անուշավան Ասատրյանը:
«Մեր կողմից օրինական կարգով է զորակոչը կատարվել: Զորիկի եղբայրը նրա խնամակալը չէ: Զորիկը երրորդ կարգի հաշմանդամ է և արտոնություններից չի օգտվում: Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին սահմանված է զորակոչել բնակության վայրին մոտ գտնվող զորամաս, իսկ դա համարվում է զորակոչիկի հաշվառման վայրից մինչև 150 կմ տեղակայված զորամասը»,- ասաց նա:
Անուշավան Ասատրյանը տեղեկացրեց, որ եթե Զորիկը երրորդ կարգի հաշմանդամ է և արտոնություններից չի օգտվում, ապա նրա եղբայրը, ըստ օրենքի, զինվորական ծառայությունից կարող է հետ կանչվել միայն չնախատեսված դեպքերում, ընտանեկան դրության բերումով:
Նշենք, որ ըստ զինապարտության մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերումով տարկետում տալու մասին որոշումն ընդունում է պաշտպանության նախարարը՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում:
Զորիկը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն խնամելու համար եղբորը զինվորական ծառայությունից ազատելու խնդրանքով դիմում կգրի հանրապետական զինկոմիսարիատում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, Երևանի Մուշավան թաղամասի բնակիչ, էպիլեպսիայով տառապող Զորիկ Սարգսյանի մասին, որն արդեն երեք ամիս է՝ միայնակ է ապրում, քանի որ միակ հարազատին՝ եղբորը, տարել են բանակ: 18-ամյա տղայի միակ խնամակալները հարևաններն են, որոնք Զորիկի համար շաբաթվա մեջ մի քանի անգամ «Շտապօգնություն» են ահազանգում:
Նրանք պատկան մարմիններից խնդրում են Զորիկի երկվորյակ եղբորը՝ Նորիկին հետ կանչել զինվորական ծառայությունից, որպեսզի նա խնամի եղբորը:



























