Գոյություն ունի մադրիդյան փաստաթուղթ, որը կողմերն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար, այլ ոչ թե ընդունել են բոլոր այն սկզբունքները, որոնք այնտեղ նշված են:  Այդ մասին լրագրողների հետ զրույցում խորհրդարանում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը։

«Որպեսզի այդ բանակցություններում լինի առաջընթաց անհրաժեշտ է համապատասխան մոտեցում բոլոր կողմերից, տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց բանակցություններում»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Մեկնաբանելով «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ» ձեւակերպումն ու ԼՂ ստատուս-քվոյին անդրադարձը՝  Քոչարյանն  ասաց. «Սրանք երկու ամենասուր կետերն են, որի շուրջ ակնհայտ է, որ կա անհամաձայնություն, ինչն էլ մատնանշում են համանախագահները: Այդ երկուսի շուրջ կա անհամաձայնություն եւ ըստ համանախագահների` դա առաջընթաց չի արձանագրել»։

Քոչարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից ցանկանում է հրաժարվել Ադրբեջանը եւ այն պարզ պատճառով, որ այդ ձեւաչափը զսպաշապիկ է, ոչ միայն մասնագիտացված է ու շատ լավ գիտի հակամարտության նախապատմությունը: Բացի այդ, ձեւաչափում ընգրկված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երեք պետություններ` ՌԴ , ԱՄՆ, Ֆրանսիա, եւ բոլոր հայտարարությունները հստակ ասում են մեկ բանի մասին` խաղաղ կարգավորում. «Հայտարարություններից մեկում միանշանակ, որը հասցեագրված էր Ադրբեջանին, ասվել է, որ այլ հետեւանքներ, որոնք այսօր կան` մարդկային զոհեր, ավերածություններ եւ այլն ուժային կարգավորման արդյունք են եւ նոր ուժի կիրառումը կբերի նոր ավերածությունների ու զրկանքների: Հետևաբար այդ ձևաչափն ունի երկու առաքելություն` նպաստելու, որ կողմերը կարողանան հասնել փոխզիջումների վրա համաձայնության և թույլ չտալ, որ այն փխրուն զինադադարը, որի 20-ամյակն է և որի կապակցությամբ էլ համանախագահները հայտարարություն են արել ընդհատվի և վերածվի ռազմական գործողությունների»,- նշեց Շ. Քոչարյանը։

Փոխարտգործնախարարը նաեւ հավելեց, որ  միանշանակ է թե ով է ձգտում ազատվել այդ ձեւաչափից: Նա հիշեցրեց Ադրբեջանի բազմաթիվ հայտարարությունները, որոնք վկայում են, որ այդ պետությունը մեկ ՌԴ-ից է դժգոհ, մեկ Ֆրանսիայից, մեկ էլ ԱՄՆ-ից կամ բարձրաձայնում են ձեւաչափում անդամներ ավելացնելու և այլնի մասին:

ԵԱՀԿ ՄԽ-ն Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին առաջարկում է խորհել ապագայի մասին