Ապրիլի 28-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում խախտումների հայտնաբերման, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննությունների արդյունքում կայացվել է 970 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում եւ հաշվարկվել է 142.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի հետ համատեղ իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի քննության արդյունքում կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 8.5 կգ խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ:
«Սեւանի ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում կազմվել է արձանագրություն եւ առգրավվել չորս հատ տիրազուրկ ձկնորսական ցանց, 70 հատ /16.0կգ/ կարաս տեսակի ձուկ, ինչը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Արմավիրի տարածքային բաժինը իրականացրել է վարչական վարույթ: Հայտնաբերված խախտման համար նշանակվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի մեկ որոշում եւ հաշվարկվել է 2.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում առգրավվել է 44 հատ սիգ տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է ք.Աբովյանի «Նարեկ» ծերանոց:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության ոլորտին առնչվող խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման դեպքի արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 50 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում կազմվել է ապօրինի ավազահանման վերաբերյալ արձանագրություն եւ իրականացվել է վարչական վարույթ: Կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ ավազը տեղում դատարկվել է: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված հանքանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու դեպքի համար կայացվել է 200 հազար դրամ. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնաբնույթ խախտման մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 90 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի եւ Տավուշի տարածքային բաժինների կողմից մեկական տնտեսվարողների նկատմամբ կայացվել է համապատասխանաբար 50 եւ 60 հազար դրամ գումարի վարչական տուգանք, իսկ Լոռու տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 894.6 հազար դրամ գումար:



























