Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման թեմաներից մեկը հայ եւ ադրբեջանցի ակտիվիստների համագործակցության հեռանկարներն են` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ, մայիսի 12-ի մամուլի ասուլիսում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցը Երեւան:
Ըստ նրա` այդ հարցը քննարկվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Վերջին շաբաթներին պաշտոնական Բաքուն ճնշում է գործադրում բոլոր ՀԿ-ների եւ ակտիվիստների վրա, որոնք փորձում են երկխոսություն հաստատել հայկական կողմի հետ: «Այսպես, Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էին Լեյլա Յունուսովան եւ նրա ամուսինը, որոնք ֆրանսիացի դեսպանի աջակցությամբ փորձել էին լքել երկիրը»:
Ըստ փորձագետի` պետք չէ մեծ հույսեր կապել երկկողմ երկխոսության հետ, քանի որ եթե Հայաստանը միշտ պատրաստ է եղել համագործակցության, ապա Ադրբեջանում կատարվող դեպքերը վկայում են իրադարձությունների զարգացման բացասական սցենարի մասին:
Նշենք, որ ապրիլի 9-ին Ադրբեջանը Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալել էր լրագրող Ռաուֆ Միրկադիրովին:




























