Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պետական այցի կապակցությամբ մայրաքաղաքի կենտրոնական փողոցները խցանված են։ Ֆրանսիայի նախագահը, որը այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 16։30-ին ժամանել է Երեւան, այժմ «Մարրիոթթ Արմենիա» հյուրանոցում է, որտեղ ընթանում է հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումը։ Նրա ժամանումից մոտ կես ժամ առաջ Մաշտոցի պողոտայում երթեւեկությունն ամբողջովին դադարեցված էր։ Մեքենաները հարակից փողոցներում երկար ժամանակ կանգած էին խցանման մեջ։

Այս պահին էլ NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, Ամիրյան փողոցում ընդհանրապես դադարեցված է երթեւեկությունը։ Խցանումից խուսափելու համար խորհուրդ է տրվում խուսափել Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհներից, որոնք ամբողջովին փակ են։ Քիչ անց սպասվում է Ֆրանսիայից ժամանած պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդ, որտեղ նախատեսվում է ծաղկեպսակ զետեղելու արարողություն եւ ծառատունկ։

Այնտեղից էլ պատվիրակությունը կայցելի Մարզահամերգային համալիր, որտեղ 19։30-ին սկսվում է Շառլ Ազնավուրի մենահամերգը։ Թերեւս երթեւեկության կոլապսից խուսափելու համար համերգի տոմս ունեցողներին ՄՄՀ են կանչել համերգից մեկ ժամ առաջ։