ԼՂՀ ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի ճանաչումը մի շարք ամերիկյան նահանգների կողմից կապված է ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների եւ մեր դիվանագիտական ներկայացուցչության ակտիվ աշխատանքի հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված ղարաբաղամետ տրամադրությունների փայլատակումը եւ հնարավոր է արդյոք, որ ԱՄՆ-ը ցանկանա ավելացնել իր դերը հակամարտության կարգավորման գործում:

Մայիլյանը հիշեցրել է, որ 2010թ.-ի ապրիլի 26-ից ԼՂՀ-ի Անվտանգության եւ արտաքաին քաղաքականության հանրային խորհուրդը դիմել է հայկական սփյուռքի կազմակերպություններին՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց նախաձեռնել: Հայկական երեք ավանդական կուսակցություններին եւ հայկական սփյուռքի լոբբիստական կազմակերպություններին ուղղված դիմումի մեջ, Մայիլյանի խոսքով, նշվում էր հայկական կազմակերպությունների կողմից այնպիսի կարեւոր հարցերի լուծման շարքում, ինչպես որ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության ճանաչումն է, Արցախի Հանրապետության  միջազգային ճանաչման հարցի բարձրացման անհրաժեշտության մասին: «Հանրային խորհրդի նախաձեռնությունը  ԼՂՀ մի շարք հասարակական կառույցների, Հայաստանի խորհրդարանական տարբեր խմբակցությունների դրական գնահատականին արժանացավ: Ուստի Արցախի վերաբերյալ բանաձեւի ընդունումը պաշտոնական Վաշինգթոնի քաղաքականության հետեւանք չէ, այլ առաջնահերթությունների ճիշտ դասակարգման արդյունք»,- եզրափակել է Մայիլյանը:

Հիշեցնենք, որ քալիֆորնիական Լոս-Անջելես քաղաքի  քաղաքային խորհուրդն այս տարվա սկզբին բանաձեւ ընդունեց Լեռնային Ղարաբաղն անկախ եւ ինքնիշխան հանրապետություն ճանաչելու վերաբերյալ: Անցյալ տարվա աշնանը Ղարաբաղի անկախությունը ճանաչեցին Ֆրեզնո եւ Հայլենդ քաղաքները: Լեռնային Ղարաբաղի բնակչության ազգային ինքնորոշման իրավունքը ճանաչել եմ ամերիկյան Ռոդ-Այլենդ, Մասաչուսեթս, Մեն, Լուիզիանա նահանգները: Մայիսի 5-ին Քալիֆորնիայի խորհրդարանի կանոնակարգի հարցերով կոմիտեն կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի անկախությանն աջակցող բանաձեւի նախագծին: