Թաղման կառավարական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 15:00-ին կորոշի, թե որտեղ կհուղարկավորվի հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, մեր կատակերգուների դպրոցի վերջին նշանավոր ներկայացուցիչ Սվետլանա Գրիգորյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
«Թաղման կառավարական հանձնաժողովը կորոշի, սակայն չեմ կարծում, որ նրան կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում: Սպասենք եւ կիմանանք»,- ասաց նա:
Հակոբ Ղազանչյանը պատմեց, որ «Տաքսի, տաքսի» ներկայացման հերոսուհին՝ Ռոզը, արդեն ավելի քան 2 տարի հիվանդ էր, նրան խնամում էր քույրը: Նշենք, որ դերասանուհին ամուսնացած չէր:
Հիշեցնենք, որ Սվետլանա Գրիգորյանը մահացել է մայիսի 12-ի առավոտյան:
«Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգեւողը, ծիծաղի թագուհին, որը 60 տարուց ավելի մարդկանց խինդ նվիրեց, ստեղծեց այնպիսի բեմատիպարներ, որոնք միշտ կմնան մեր բեմարվեստի պատմության մեջ: Սվետլանա Գրիգորյանի կյանքը թատրոնին անմնացորդ նվիրման վառ օրինակ էր, նրա համար թատրոնն ընտանիք էր, սեր էր, կյանք էր»,- հայտարարություն էր տարածել ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:



























