Սվետլանա Գրիգորյանը՝ «Տաքսի, տաքսի» ներկայացման դերասանուհի Ռոզը, երեխայի պես միամիտ էր, պատրաստ խաբվելու: Դերասանուհու մասին NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը:

«Մեր թատրոնի վերջին մոհիկանն էր, հայ թատրոնի ամենավառ, ամենավարակիչ կերպարը: Նրա մատուցած ծառայությունները անգնահատել են: Սվետիկ Գրիգորյանն այն դերասանուհին էր, որին ծափողջյուններով էին դիմավորում ոչ միայն Հայաստանի բոլոր մարզերում, այլեւ ԱՄՆ-ում, Եվրոպայում: Հիրավի մեծ, անդառնալի կորուստ է: Մենք հարստացնում ենք պանթեոնները, իսկ ինքներս՝ աղքատանում»,- ցավով նշեց Ղազանչյանը:

Որպես մարդ՝ բեմադրիչի կարծիքով՝ «Տաքսի, տաքսի»-ի Ռոզը երեխայի պես միամիտ էր, պատրաստ խաբվելու, իսկ նրա ամենամեծ արժանիքը՝ «սերն է դեպի թատրոնը, հանդիսատեսը»:

«Շատ բարձր էր գնահատում իր հանդիսատեսին, սա ոչ բոլորին է հատուկ»,- ավելացրեց ՀԹԳՄ նախագահը:

Նշենք, որ նշանավոր դերասանուհու վերջին դերը «Մեր տան տերերը» ներկայացման մեջ թագուհու դերակատարումն էր, իսկ վերջին 2.5 տարիներին այլեւս բեմ չէր բարձրանում՝ հիվանդության պատճառով:

Հիշեցնենք, որ դերասանուհի մահացել է մայիսի 12-ի առավոտյան 84 տարեկան հասակում:

Սվետլանա Գրիգորյանը ծնվել է 1930թ. սեպտեմբերի 30-ին, Երեւանում: Բեմում հայտնվել է 13 տարեկանում, երբ թատերական ուսումնարանի սան է եղել: Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

1949թ-ից, Վարդան Աճեմյանի հրավերով, խաղացել է Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Խաղացել է ավելի քան 150 դեր` Սիմա` «Մի քաղաք կա Վոլգայի վրա», Մարիետա` «Բայադերա», Կոլոմբինա` «Վենետիկյան երկվորյակներ», Լիքսենա` «Պարերի ուսուցիչը», Նունուֆար` «Հին հիվանդություն», Մարթա`«Ատամնաբույժն արեւելյան», Ժաննա` «Ռոզ Մարի», Նատա` «Սոֆիկի սխալը», Դիաննա` «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք», Ռոզալյա` «Չանիտայի համբույրը», Ժիկվան` «Տիկին Միսիստրուին», Ռոզը` «Տաքսի-տաքսի», Սաթենիկը` «Իմ զոքանչը» եւ այլն: 1958թ. եղել է հայ հեռուստաթատրոնի հիմնադիրներից մեկը:

Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ մրցանակների: 2009թ. Լոս Անջելեսում նրան է հանձնվել«Ծիծաղի թագուհի» տիտղոս: 55 տարի եղել է դերասան Կարպ Խաչվանքյանի խաղընկերը: Արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր, 1987թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Արժանացել է նաեւ ՀՀ «Մովսես Խորենացի» ու Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալների:

Երեւանի պատվավոր քաղաքացի է: 2011թ. հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է ՀՀ 1-ին աստիճանի մեդալով: