Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2015թ. Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանում կայացած՝ ՀՀ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ ասուլիսում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես մտադիր էի Ձեզ հրավիրել Հայաստան՝ 2015-ին ներկա լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Շատ բարձր ենք գնահատում այն, որ դուք ինքներդ այդ մասին առաջարկեցիք»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային՝ ոչ միայն Ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու, այլեւ ժխտողականությունը պատժելու նախաձեռնողականություն դրսեւորելու համար:

«Մենք պետք է զգոն ու աչալուրջ լինենք, քանի որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում»,- ասել է նախագահը: