Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող՝ ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանում կայացած՝ ՀՀ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ ասուլիսում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին ելույթին եւ համանախագահների վերջին հայտարարությանը։
«Այս սկզբունքն այլընտրանք չունի։ Այս մասին բազմիցս հայտարարել են համանախագահող երկրների նախագահները, համանախագահները: Վերջին անգամ դրանք ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ու որեւէ նոր բան չասաց»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ բոլոր հակամարտությունները չի կարելի դիտարկել մեկ հարթության մեջ եւ որ ինքը չի կիսում այն մոտեցումը, թե տարբեր երկրներ ցուցաբերում են երկակի ստանդարտներ։
«Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագումնաբանությունը, պատմությունը, յուրաքանչյուր հակամարտության լուծման համար կան նախադրյալներ: Միջազգային իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ իր ընկալումները եւ խնդրի լուծման ճանապարհները պայմանավորում է այդ հենց այդ նախադրյալներով: Մեկ անգամ չէ, որ համանախագահ երկրների նախագահները, նրանց ներկայացուցիչները թե գրավոր, թե բանավոր խոսել են իրենց միասնական կարծիքի մասին: Այն է, որ ԼՂ խնդրի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող՝ ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով: Նույն մոտեցումը կար նաեւ համանախագահների վերջին հայտարարության մեջ:
Որքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը փորձի այդ մոտեցումները յուրովի մեկնաբանել այդ սկզբունքները, միեւնույն է, ոչինչ չի ստացվելու։ Չեմ կիսում այն մոտեցումը, թե իբր տարբեր երկրներ մշտապես ցուցաբերում են երկակի ստանդարտներ։ Դրանք երկակի ստանդարտներ չեն, այդ մոտեցումները հենց բխում են հակամարտությունների ծագումնաբանությունից, պատմությունից ու նախադրյալներից: Որեւէ փոփոխություն ես չեմ տեսնում»:




























