Թուրքական լրատվամիջոցներն ուշադիր հետեւում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցի մանրամասներին եւ գրեթե բոլորն էլ շեշտում են Թուրքիային ուղղված Ցեղասպանության ճանաչման կոչը։
Թուրքական Hurriyet-ն իր «Օլանդից Թուրքիային՝ Ցեղասպանության ճանաչման կոչ» հրապարակման մեջ նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երեւանում Ցեղասպանության հուշարձան այցելելուց հետո կոչով դիմել է Թուրքիային՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Թուրքական T24.com կայքը գրել է, թե Կովկասյան երկրների այցի ընթացքում Ֆրանսուա Օլանդը Հայաստանում դիմել է Թուրքիային՝ ասելով, թե Ցեղասպանության ճանաչումը ոչ թե կբաժանի, այլ կմիավորի։
Թուրքական CNNturk-ի անդրադարձում նշվել է, թե Հայաստանի նախագահի կողմից Ֆրանսուա Օլանդի պատվին տրված ճաշի ժամանակ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, թե ժխտողականությունը վիրավորանք է ցեղասպանության զոհերին եւ իրականությանը։




























