Այս մայիսի 17-ին ժամը 18:00-ից արդեն 10-րդ անգամ Եվրոպայի թանգարանները միասին կազդարարեն Թանգարանների եվրոպական գիշերը` Թանգարանների միջազգային օրվան` մայիսի 18-ին ընդառաջ: ԻԿՕՄ-ի կողմից առաջադրված  «Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր» խորագրի ներքո Եվրոպայի բազմամիլիոն հասարակությունը կրկին կհամախմբվի թանգարանների շուրջ` ընդգծելով  այցելուներ-սերունդներ-մշակույթներ կապը:  Ստեղծումից ի վեր անմիջապես դառնալով համաեվրոպական նախաձեռնություն` Թանգարանների եվրոպական գիշերը այս տարի իր տասնամյակը կնշանավորի նաեւ Հայաստանի Հանրապետությունում:

Երեւանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը մայիսի 17-ին իր այցելուներին կընդունի արեւամուտից մինչեւ կեսգիշեր` փորձելով տոն պարգեւել իր հին ու նոր այցելուներին:

«Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր» խորագրի համատեքստում թանգարանը գիշերասեր այցելուներին կներկայացնի ճանաչողական ֆիլմ` մարդկության հիշողություն համարվող աշխարհահռչակ Բրիտանական թանգարանի հավաքածուների վերաբերյալ: Ֆիլմը, ոը 2013թ. ամռանն արգելոց-թանգարանին է նվիրել ճանաչողական այցով Էրեբունի այցելած Բրիտանական թանգարանի պատվիրակությունը, 40 րոպե տեւողությամբ յուրօրինակ շրջայց է թանգարանի սրահներով: Այն այցելուին կծանոթացնի թանգարանի ամենահայտնի առարկաներին եւ, միաժամանակ, ամեն մեկին հնարավորություն կտա պատկերացնել իր տեղը համաշխարհային պատմության մեջ: Ֆիլմը կցուցադրվի ժամը մեկ պարբերականությամբ (ժամը` 18:00, 19:00, 20:00)` ընդմիջվելով  «Վան» ազգագրական համույթի երգ ու պարի կենդանի կատարումներով: «Ուրֆանե», «Սեբաստիո», «Զընգըրթա» պարերը, «Ամռան գիշեր», «Աշնան գիշեր», «Ճախարակ» եւ այլ երգերը  այցելուին գուցեեւ կտանեն Վան-Ուրարտուի ոչ նյութական մշակույթի ակունքներ: 

«Էրեբունի» արգելոց-թանգարանի պատանի հնագետները եւս կմիանան Թանգարանների գիշերվան`  իրենց հասակակիցներին հրավիրելով ժամը 17:00-19:00-ի սահմաններում դիտել ուսումնական պեղավայրում ընթացող պեղումները, ինչը, անկասկած, կխթանի շատերի հետաքրքրությունը դեպի այդ առեղծվածային աշխարհը` հնագիտությունը:

Թանգարանում մշտապես նոր ցուցանմուշ փնտրող այցելուների համար միայն մայիսի 17-ին Էրեբունի թանգարանը «Մեկ ցուցանմուշ, մեկ պատմություն» խորագրի ներքո իր ֆոնդապահոցից 1-ին անգամ կներկայացնի Ք. ա. 8-րդ դարով թվագրվող ագաթե կոճակ` հայտնաբերված Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտ պեղված մանկահասակ աղջկա դամբարանից: 

Մայիսի 17-ին ժամը 21:00-ից Էրեբունին համացանցով կմիանա «Գեղադիտակ» միջազգային նախագծին` թանգարանի կողային բակում կազմակերպված վիրտուալ պատին դիտելով Թանգարանային գիշեր-2014-ը ներկայացնող լուսանկարներ` արված սմարտֆոններ ունեցող այցելուների կողմից: Այս նախագիծը Գիշերվա բոլոր մասնակիցներին կմիավորի լուսանկարների մեկ ալբոմում` դառնալով կապերի ու հաղորդակցության, բարձր տրամադրության եւ յուրօրինակ մրցույթի  հրաշալի միջոց:

Էրեբունիում հոբելյանական Թանգարանային գիշերվա գործընկերը ABCConnexion կազմակերպությունն է:

«Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր» խորագրի շրջանակում խթանելով միջթանգարանային համագործակցությունը` «Էրեբունի» արգելոց-թանգարանը Երեւանի քաղաքապետարանի «Կարեն Դեմիրճյան» թանգարանին ժամանակավոր ցուցադրության կտրամադրի ուրարտական որմնանկարների 6 կրկնօրինակներ: Ժամանակավոր ցուցադրությունը կկրի  «Անակնկալ գիշերով» խորագիրը` իրապես անակնկալի բերելով «Կարեն ԴԵմիրճյան» թանգարանում ուրարտական մշակույթի դրվագների հանդիպող այցելուներին: