Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երեւանյան համերգից հետո պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կատակել է երգչի հետ: Նրանց զրույցին ուշադրություն են դարձրել «Europe 1» ռադիոկայանի թղթակիցները:
Ֆրանսիայի նախագահի հետ զրույցին Շառլ Ազնավուրը կատակով ասել է, որ իր «հրաժեշտի համերգը» պատրաստվում է 2024թ. մայիսի 22-ին տալ, երբ 100-ամյակը լրանա: «Դե ինչ, ուրեմն այդ օրը հանդիպում ունենք», - կատակով պատասխանել է Ֆրանսուա Օլանդը: «Հուսով եմ` կգաք, չէ՞», - հավելել է Ազնավուրը եւ Ֆրանսիայի նախագահից հաստատական պատասխան ստացել:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Երեւանում աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի համերգն էր կազմակերպվել, որին ներկա էին Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդը եւ Սերժ Սարգսյանը: Համաշխարհային էստրադայի լեգենդը մեկ ժամ շարունակ իր ռեպերտուարի ամենասիրելի երգերն է ներկայացրել եւ նույնիսկ պարել: Երեւանյան համերգը առաջինն էր` հոբելյանական համերգաշարից, որ շանսոնյեն մտադիր է իր ծննդյան օրերին տալ:



























