Նշանավոր դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին՝ «Տաքսի, տաքսի» ներկայացման Ռոզին հուղարկավորելու են Երեւանի քաղաքային պանթեոնում՝ Կարպ Խաչվանքյանի եւ Արտեմի Այվազյանի կողքին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը:
«Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 14-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ մյուս օրը Պարոնյանի անվան թատրոնում: Դերասանուհուն հուղարկավորելու են Կարպ Խաչվանքյանի եւ Արտեմի Այվազյանի կողքին: Շատ ճիշտ եւ խորհրդանշական որոշում էր, ըստ իս»,- ասաց նա:
Նշենք, որ հոգեհանգստի արարողությունը սկսվելու է ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ մայիսի 15-ին ժամը 12:00-14:00-ն:
Հիշեցնենք, որ դերասանուհին մահացել է մայիսի 12-ի առավոտյան, 84 տարեկան հասակում: Նա ապրում էր քրոջ հետ:



























