Թուրքիայի արեւմտյան հատվածի հանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 201 մարդ։ Հարյուրավոր հանքափորներ նախկինի պես  փլատակների տակ են։

Պայթյունը տեղի է ունեցել Մանիս նահանգի Սոմա քաղաքի հանքում՝ Ստամբուլից 250 կմ հարավ։ Հանքը մասնավոր ձեռնարկության սեփականություն է։

Ենթադրվում է, որ պայթյունի պահին գետնի տակ 2 կմ խորությունում 580 հանքափորներ են եղել։ Զոհերի թիվը կարող է վերջնական չլինել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի՝ պայթյունի պատճառը կարճ միացումն է եղել։
Նախարարը հայտարարել էր, որ ողբերգության զոհերը մահացել են թունավորման հետեւանքով։

Թուրքական հեռուստաալիքը ցուցադրում է կադրեր, որոնցում փրկարարները օգնում են հանքագործներին դուրս գալ հանքից։
Նրանցից ոմանք կարողանում են ինքնուրույն քայլել, սակայն մեծամասնությանը պատգարակներով տեղափոխում են շտապօգնության մեքենաներ։

Թուրքիայում հանքահորի ամենախոշոր պայթյունը տեղի էր ունեցել 1992 թ. Սեւ ծովի Զոնգուդակ նավահանգստից ոչ հեռու։ Այն ժամանակ զոհվել էր 263 հանքափոր։