Վիետնամի հարավում հակաչինական ցույցի մասնակիցներն առնվազն երեք գործարան են վառել եւ մի քանի գրասենյակների վրա հարձակվել:

Անկարգությունները մի քանի հազար մասնակիցներով բողոքի ակցիայի ավարտին են սկսվել: Վիետնամցիները պահանջում էին Հարավչինական ծովի վիճելի տարածքում տեղակայված չինական նավթային հենակետը չեզոքացնել:

Բողոքի ակցիայի մասնակիցների թիրախը չինացիներին պատկանող կամ նրանց կողմից կառավարվող ընկերություններն էին, սակայն ցուցարարները սխալմամբ նաեւ թայվանական ձեռնարկությունների վրա են հարձակվել, BBC-ին վկայակոչելով հաղորդում է Ռոսբալտը:

Հիշեցնենք` երկու ասիական երկրների միջեւ հակամարտությունը մայիսի 7-ից է սկսվել, երբ Վիետնամի ռազմածովային ուժերը դիմակայություն էին ցույց տվել Հարավչինական ծովի Պարասելյան կղզիների վիճելի տարածքում նավթի արդյունահանման նպատակով հորատման աշտարակ տեղակայելու փորձ կատարող չինական նավերին: