Ֆրանսիայի քաղաքական էլիտան եւ ժողովուրդը Հայաստանի առաջին քաղաքական գործընկերն են մնում ԵՄ-ի հետ սերտացման ձգտումների ճանապարհին: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 14-ին հայտնել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ Հայաստանի սերտացման հատուկ գործընթացի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը:
Ըստ նրա՝ երբ անցյալ տարի ՀՀ իշխող վերնախավը ասում էր, թե ԵՄ քաղաքականությունը պետք է ձեւավորվի «եւ-եւ» բանաձեւի շրջանակում, Եվրոպայի բազմաթիվ չափազանց մեծ «սիրահարներ» նրան մեղադրում էին ռեգրեսի համար, որ իրավիճակն իրատեսորեն չի գնահատում: «Ինչպես տենում ենք, շատ կարճ ժամանակ անց Եվրոպայի վերնախավը հասկացավ, որ հակամարտության ճանապարհով, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի հետ, անհնար է զարգացող եւ խաղաղ եվրոպական տարածք կառուցել: Ցավում եմ, որ այս ամենը հասկանալու համար անհրաժեշտ էր անցնել Ուկրաինայի մի շարք ողբերգությունների միջով», - նշել է Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-13-ին Հայաստան երկօրյա պետական այցի ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես էր եկել հայտարարությամբ, որ «Հայաստանը հատուկ աշխարհաքաղաքական պայմաններում է եւ այդ պատճառով էլ որոշել է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ»: Ֆրանսիայի նախագահը նշել էր, որ իր նպատակը դատապարտելը չէ, եւ այդ պատճառով էլ այցի ընթացքում ինքը փորձել է ավելի լավ հասկանալ այս հարցում երկրի դիրքորոշումը: Ըստ նրա՝ ոչ ոք չի ցանկանում Հայաստանին պարտադրել դադարեցնել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ: «ԵՄ-ն պետք է հասկանա, որ Հայաստանն ապրում է հատուկ պայմաններում, եւ նրան Եվրոպային մերձենալու հատուկ գործընթաց է հարկավոր», - հայտարարել էր նա:



























