Ադրբեջանը Եվրոպայի խորհուրդ մտնելուց՝ 2001թ.-ից ի վեր առաջին անգամ ստանձնել է ԵԽ  Նախարարների կոմիտեի նախագահությունը:

ԱՊԱ-ն հայտնում է, որ նախագահությունը Ավստրիայից Ադրբեջանին է փոխանցվել մայիսի 6-ին՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ԵԽ երկրների արտգործնախարարների 124-րդ նիստում: Ադրբեջանը կնախագահի 6 ամիս՝ մինչեւ ս/թ. նոյեմբերի 15-ը:

Մինչ այդ ադրբեջանական կողմը ներկայացրել էր Նախարարների կոմիտեում իր նախագահության հիմնական առաջնահերթություններընակ, ինչպես նաեւ Բաքվում եւ Ստրասբուրգում պաշտոնական եւ մշակութային միջոցառումների ծրագրերը: Մայիսի 13-ի երեկոյան Ստրասբուրգում Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության առիթով քաղաքապետարանի առաջ բարձրացվել էր Ադրբեջանի պետական դրոշը, որը 6 ամիս ծածանվելու է  կենտրոնական հրապարակում: ԵԽ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ դեսպան Էմին Էյուբովը նշել է, որ Ադրբեջանը արժանապատվորեն կկատարի այդ պատվավոր եւ պատասխանատու աշխատանքը՝ հանդես գալով  ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության դիրքերից:

Թե որքան են հայտարարություններն արտացոլում իրականությունը, առավել քան արդիական հարց է: Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունը, մամուլի եւ հասարակական գործիչների հանդեպ ճնշումները, հակահայկական ռազմատենչ հայտարարությունները եւ սպառազինության մրցավազքը  խիստ հակասում են այդ հայտարարություններին: