Թուրքիայում մեծ դժգոհություն է բարձրացրել այն հանգամանքը, որ իշխանությունները խուսափում են հայտնել Մանիսա նահանգի Սոմայի շրջանի ածխահանքում պայթյունի հետեւանքով արտաքին աշխարհից կտրված հանքափորների թիվը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը կտրուկ հրաժարվել է լրագրողների հարցերին պատասխանել, թե քանի հանքափոր է եղել պայթյունի ժամանակ հանքում։

Որոշ լրատվամիջոցներ նշել են, թե նախարարը խուսափում է թիվ ասել, քանի որ հանքում եղել են նաեւ չգրանցված աշխատողներ։

Նշենք, որ Մանիսա նահագի Սոմայի շրջանում գտնվող ածխահանքում էնթակայանի պայթյունի հետեւանքով զոհվել են մոտ 200 հանքափոր։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ տարբեր աղբյուրներով հանքում առանց դրսի կապի են մնացել մոտ 450 աշխատակից։