Իրանի արտգործնախարարն առայժմ Սաուդյան Արաբիայից այցի պաշտոնական հրավեր չի ստացել, բայց երկու նախարարների հանդիպումը օրակարգում է, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանը:
Ըստ նրա՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան կարեւոր դեր ունեն Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մայիսի 13-ին Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ Ֆեյսալը հայտարարել էր, որ Էր-Ռիյադը պատրաստ է Թեհրանի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների բարելավման հարցեր եւ իրանցի գործընկեր Ջավադ Զարիֆին հրավիրել է Սաուդյան մայրաքաղաք: Մինչ այդ Սաուդյան Արաբիան՝ սունիական երկրների տարածաշրջանային առաջնորդը, շահագրգռված չէր շիական Իրանի հետ երկխոսության հարցում: Համարվում է, որ հենց Իրանի ու Սաուդյան Արաբիայի տարաձայնություններն են թեժացնում Մերձավոր Արեւելքի հակամարտությունները, նախեւառաջ՝ Սիրիայի, որտեղ Թեհրանն ակտիվ աջակցում է գործող իշխանություններին, իսկ Էր-Ռիյադը՝ զինված ընդդիմությանը:
Ժնեւում «վեցյակի» եւ Իրանի միջեւ համաձայնագրի ստորագրումից հետո Պարսից ծոցի երկրների եւ Իրանի հարաբերություններում առաջընթաց է նկատվում: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը այցելել է Պարսից ծոցի միանգամից մի քանի երկրներ:




























