«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխվելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս: Այս մասին տեղեկացնում է Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը՝ արձագանքելով վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում  և սոցիալական ցանցերում «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքի ճակատագրի շուրջ քննարկումներին:

«Ըստ Կենտրոն վարչական շրջանի համար մշակված գոտիավորման նախագծի, նախատեսվում է Երևանի Տերյան փողոցը և նույն փողոցի շարունակություն հանդիսացող Զաքիյան փողոցը միացնել միմյանց: Տերյան փողոց 11 հասցեում տեղակայված «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը շուրջ 4.0 մետրով գտնվում է փողոցի երթևեկելի մասում՝ դրանով իսկ խախտելով կառուցապատման գիծը։ Այդ  քաղաքաշինական խնդիրների լուծման նպատակով որոշվել է հուշարձան շենքը տեղափոխել Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվող «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս»,- ասվում է գլխավոր ճարտարապետի տարածած մամուլի հաղորդագրությունում։

Ճարտարապետը նաեւ նշել է, որ շենքը դեռեւս Կառավարության 2004թ. որոշմամբ ընդգրկվել է տեղափոխման ենթակա հուշարձանների շարքում, նախագիծը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից համաձայնեցվել է,  և տրվել համապատասխան թույլտվություն։