Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի համատեղ նվերը՝ կարմիր տուֆից կերտված քանդակները, ուղեւորվել են Երեւանի քույր քաղաք Ստեփանակերտ։
Նախապես ընտրված 4 էսքիզներով կերտվող քանդակների փոխարեն, ուսանողների խանդավառության եւ Երեւանի քաղաքապետի աջակցության շնորհիվ, Արցախի մայրաքաղաք է տեղափոխվում 6 քանդակ։
«Նույնիսկ քոլեջի բակում, այգին մշակելիս գտնված տուֆը ուսանողների խնդրանքով ծառայեց այս նախագծին։ Քոլեջը երկու ամիս է ապրում է այս քանդակներով, չնայած քանդակում էին 12 ուսանողներ։ Խմբի գեղարվեստական ղեկավարը եւս մեկնում է ԼՂՀ, որտեղ Ստեփանակերտի քաղաքապետի եւ քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ քննարկելու են տեղադրման վայրերը՝ ըստ թեմատիկ առանձնահատկության։ Օրինակ, նուռը ձեռքին երեխայի քանդակը հեղինակն առաջարկում է տեղադրել ծննդատան բակում։ Ի դեպ, Երեւանի քաղաքապետի հովանավորությամբ ստեղծված քանդակների հեղինակները եւս առաջիկայում մեկնելու են Արցախ եւ 3 հրաշալի օր են անցկացնելու այնտեղ»,- նշել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը։
«Սիմպոզիումի միտքը վաղուց էր հղացվել, սակայն ընթացք ստացավ, երբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր կամքն էլ ներդրեց այս գործի մեջ։ Արցախի հողը իր պատկանելության մասին վկայում է այն մշակութային արժեքներով, այդ թվում եւ քարակերտ հուշարձաններով՝ ինչպես հողի մակերեսին գտնվող, այնպես էլ հողի շերտերի տակից հայտնաբերված։ Այս նախաձեռնությամբ մենք եւս ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ, որ ճանաչողության այս ամենավստահելի ապացույցի եղանակը չընդհատվի։ Բոլոր քանդակների վրա մեր հոգու գենետիկ գաղտնաբառերն են՝ արեւախաչեր, քրիստոնեական խաչեր, հայկական խորհրդանիշներ»,- ներկայացրել է սիմպոզիումի գեղարվեստական ղեկավար, քոլեջի դասախոս Իսահակ Ապրեյանը։
Քանդակները դրվելու են Ստեփանակերտի պուրակներում: Տեղադրման նախապատրաստական աշխատանքները՝ հիմքերի ու պատվանդանների պատրաստումը եւս 2-3 շաբաթ կտեւի։




























