Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված որոշումները կայացվում են երկրի սահմաններից դուրս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով Ֆրանսուա Օլանդի հայտարարությունն այն մասին, որ Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացման նոր համաձայնագիր պատրաստի, որտեղ կարելի է համատեղել ԵՄ-ի հետ հարաբերությունները Ռուսաստանի հետ առեւտրային միության հետ:
Մանուկյանի խոսքով՝ դեռեւս բարդ է եզրակացություններ անել, քանի որ ինքը բավարար տեղեկատվության չի տիրապետում: «Բայց ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորները որոշվում են երկրի սահմաններից դուրս: Արդեն վաղուց ՀՀ իշխանությունները չեն ձեւավորում երկրի արտաքին քաղաքականության օրակարգը: Հայաստանը ի վիճակի չէ որոշել՝ մտնո՞ւմ է Մաքսային միություն, թե վերադառնում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին»,-վստահեցրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Երեւանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր. «Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ համագործակցությունը Ռուսաստանի հետ առեւտրային միությանը համատեղել: Հարակավոր է Հայաստանի եվրաինտեգրման այնպիսի մոդել գտնել, որ չի հակասի Մաքսային Միության անդամակցությանը»: Նրա խոսքով, դա այնքան էլ մեծ խնդիր չէ, հարկավոր է ընդամենը այդ ուղղությամբ աշխատանքներ տանել:




























