Չամինդու Ամարսինգեն ավելի քան 80 հազար դոլար կստանա դեռ երեք տարի առաջ ավստրալիական հեռուստաընկերության զուգարանում գտած մոտ 100 հազար դոլարից: Համապատասխան որոշումն ընդունել է դատարանը մի քանի օր առաջ:

Ամարսինգեն գումարը գտել է 2011թ.-ին զուգարանի խցիկում: Նա որոշել է գտածոյի մասին անմիջապես հայտնել տնօրինությանը, որն իր հերթին դիմել է ոստիկանություն:

Իրավապահները վերցրել են գումարը, սակայն դրա ետեւից ոչ ոք չի եկել, հետաքննությունը չի օգնել գտնել տերերին:

Ի վերջո որոշել են գումարի մեծ մասը հանձնել Ամարսինգեին: Ինչպես նշել են դատարանում, հավաքարարի ցուցաբերած ազնվությունը հարգանքի եւ խրախուսման է արժանի, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Ամերսինգեն մտադիր է գումարի մի մասը բարեգործությանը հանձնել, ինչպես նաեւ միջոցներ տրամադրել բուդդայական վանքին: