Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մայիսի 15-ին, ընդունել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության մի խումբ աշխատակիցների` կառույցի ղեկավար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ վիճակագրական ծառայության հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ նախագահ Սահակյանը շնորհավորել եւ պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ գերատեսչության գործունեության հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է վիճակագրական ծառայության դերը մեր հանրապետության կյանքում` ընդգծելով, որ սոցիալ-տնտեսական վիճակի անաչառ եւ ճշգրիտ ներկայացումն ու վերլուծությունը մեծապես կախված է այս կառույցի աշխատանքից:
Լեռնային Ղարաբաղի վիճակագրական համակարգի կազմավորման 90-ամյակի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին:
Համաձայն հրամանագրի` երկարամյա անբասիր աշխատանքի համար «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Սուսաննա Հարությունյանը, ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի Հադրութի շրջանային բաժնի պետ Արթուր Սարգսյանը:
Լեռնային Ղարաբաղի վիճակագրական համակարգի կազմավորման 90-ամյակի կապակցությամբ նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն արժեքավոր նվերներ հանձնելու մասին:




























