Լոուելում, Մասաչուսեթսի քաղաքապետարանի մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է կանգնեցվել:
Հուշարձանի նախագիծը հայ համայնքի անդամների եւ քաղաքապետ Ջեյմս Միլինաձոյի օգնությամբ սկսեց իրագործվել 2011թ.-ից: Հետագայում նրանց միացան Մերիմակ Վելիի Հայոց ցեղասպանության հուշարձանի կոմիտեի անդամները:
Բրոնզից եւ գրանիտից պատրաստված հուշարձանի նախագծի հեղինակը Դանիել Վարուժան Հեջինյանն է: Հեղինակը նշում է. «Քարն ու բրոնզը խորհրդանշում են մարմնի եւ հոգու միասնությունը»:
Հուշարձանի վերեւի հատվածում կան հյուսող եռաչափ ձեռքեր: Մեծ խաչը տեղակայված է ձեռքերի ներքեւում: Գործվածքի մի մասը, որը կախված է խաչի վրա, խորհրդանշում է հայկականության ուժն ու գեղեցկությունը:
Խաչի ներքեւում մակագրություն կա. «Հանգույց առ հանգույց նրա ձեռքերը հյուսում են հայ ժողովրդի պատմությունը: Չնայած ցեղասպանության ցավին եւ սարսափին՝ հայ ժողովուրդը հանգույց առ հանգույց վերականգնում է իր հույսերը եւ երազանքները, քանի որ մենք ծաղկում եւ բարգավաճում ենք»:
Հուշարձանի մեջտեղում անգլերենով եւ հայերենով գրված է «Ի հիշատակ»:




























