Ես եղել ու մնում եմ ավանդական հայ ընտանիքի ջատագով: Այս մասին նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ Ընտանիքի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում:

Նա իր ուղերձում նաեւ նշել է.

«Աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը:

Կայուն ընտանիքն է յուրաքանչյուր երկրի զարգացման առաջին օղակն ու կարեւոր գործոններից մեկը: Եվ որքան էլ համամարդկային, այդուամենայնիվ, հայերիս համար ընտանիք, օջախ հասկացությունը շատ ավելի նվիրական նշանակություն ունի: Ու դա բնական է, քանզի դարեր շարունակ հայ օջախը եղել է մեր ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման մի ինքնատիպ միջավայր, որում դաստիարակվել են իրապես ազգային արժեքներ դավանող սերունդներ, ովքեր ստացածը խնամքով պահպանել ու փոխանցել են հաջորդ սերնդին: Եվ հաստատապես հենց սա է եղել մեր ազգի հարատեւման ամենակարեւոր գրավականը:

Դաստիարակված լինելով ավանդապաշտ հայ օջախում՝ ես եղել ու մնում եմ ավանդական հայ ընտանիքի ջատագով ու ինձ համար երբեք ընդունելի չի լինի օտարածին, ավանդապահ հայ օջախի համար խորթ ցանկացած դրսեւորում: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունն է մեր հարատեւման ու մեր հաղթանակների ամենամեծ գրավականը:

Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ՝ բոլորիս ընտանիքներին մաղթում եմ փոխադարձ սիրով ու հարգանքով լեցուն երկար տարիների երջանիկ կյանք:  Թող բոլոր հայ օջախներում թեւածի խաղաղությունն ու ուրախությունը եւ, ինչպես մեր պապերն են ասել,  թող ամեն հայ ընտանիք յոթ որդիներով սեղան նստի»: