Ամերիկյան Մինեսոթա հանագի Մինեապոլիս քաղաքում մեկ տարեկան երեխան ընկել է շենքի 11-րդ հարկից ու հրաշքով կենդանի մնացել:

Հաղորդվում է, որ Մուսա Դայիբը ուղեղի ցնցում, ինչպես նաեւ ձեռքերի, կողերի ու ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներ է ստացել: Բացի այդ, նրա մոտ պատռվել է թոքը. Բժիշկները փոքրիմին միացրել են արհեստական շնչառության ապարատին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Երեխայի վիճակը գնահատվում է ծանր, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: «Սա իսկական հրաշք է: Եթե այդ բարձրությունից հասուն մարդ ընկներ, հաստատ կենդանի չէր մնա, սակայն երեխաների կմախքն ավելի ճկուն է: Բացի այդ, Մուսային փրկել է այն, որ նա ընկել է բավական փափուկ մակերեւույթի վրա»,-ասել է բժիշկ Թինա Սլաշերը:

Փոքրիկի ծնողները նշել են, որ նա ինչ-որ կերպ բարձրացել է պատշգամբի ճաղավանդակների մոտ եւ ցած ընկել: