ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը եւ «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի ղեկավար, «Dasaran.am» կրթական ծրագրի հեղինակ Սուրեն Ալոյանը մայիսի 15-ին Երեւանի Սմբատ Բյուրատի անվան  հ. 125 հիմնական դպրոցում ազդարարել են «Բացահայտիր Ամերիկան»  ինտելեկտուալ խաղի մեկնարկը: Խաղի նպատակն է հարստացնել հայ աշակերտների գիտելիքներն ԱՄՆ-ի պատմության, աշխարհագրության , մշակույթի, արժեքների, ավանդույթների վերաբերյալ: Խաղը մրցակցային ժանրի է եւ ուղղված է ժողովրդավարության, կանանց եւ երիտասարդների իրավունքների, խոսքի ազատության եւ այլ գաղափարների մասին իրազեկվածության բարձրացմանը:

 Դեսպան Հեֆերնը նշել է, որ հ. 125 դպրոցի հետ բարեկամությունը մի քանի տարի առաջ է սկսվել:

«Շատ ուրախ եմ, որ այստեղ շարունակվում է Լինսի հիմնադրամի ծրագիրը: Ես իսկապես շատ ուրախ եմ, որ «Բացահայտիր Ամերիկան» խաղը կօգտագործվի այս խելացի ու տաղանդավոր աշակերտների կողմից եւ կօգնի զարգացնել նրանց գիտելիքները: Խաղի երկրորդ նպատակը այն է, որ հայ եւ ամերիկացի ժողովուրդները կարողանան ավելի լավ հասկանալ իրար», - ընդգծել է  դիվանագետը:

Սուրեն Ալոյանը իր հերթին հայտնել է, որ «Dasaran.am»-ի նպատակն է կրթությունը ոչ միայն պարտադիր, այլեւ հաճելի դարձնելը: 

«Բացահայտիր Ամերիկան» խաղը  երեխաներին հնարավորություն կտա ոչ միայն իրենց համար բացահայտել ժողովրդավարական արժեքները, այլեւ ամրապնդել հայ եւ ամերիկացի աշակերտների գիտելիքները երկու երկրների մասին», - նկատել է նա՝ հավելելով, որ «Dasaran.am»-ի   843 հազ. գրանցված բաժանորդները կարող են կայքում ծանոթանալ խաղին եւ մասնակցել:

Խաղին արդեն միացել են Հայաստանի բոլոր դպրոցները: Այսօրվա միջոցառման շրջանակում  11- 15 տարեկան աշակերտներն առաջին անգամ իրար հետ մրցելու հնարավորություն են ստացել: